Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ընդդիմության ներսո՞ւմ է կռիվը թեժ, թե՞ իշխանության

Ընդդիմության ներսո՞ւմ է կռիվը թեժ, թե՞ իշխանության
18.12.2015 | 01:51

Արձանագրենք՝ նրանք արժեն միմյանց: ԱԺ-ում տեղի ունեցող «сцена на табачной фабрике» տեսարանները գնալով շատանում են, և դա հասկանալի է. 2017-ից առաջ «խելագարվում են յուրովի», քանզի չգիտեն իրենց անելիքն ու ասելիքը` անչափ պարզ պատճառով. իրենք չեն մտածում, իրենց փոխարեն են մտածում:
«Մտածողները» կերտում են Զարուհի Փոստանջյանին, ում շատերը համարում են «կիսա-խելագար», ամենևին չհասկանալով, նաև ծանոթ չլինելով Լամբրոզոյի տեսությանը, համաձայն որի, խելագարներն ու հանճարները «նույնական» են, ու այդ նրա՛նք են կերտում «ապագան»:
Ասել է` Զարուհի Փոստանջյանը հրաշալի կավե անոթ է, որում տեղակայվել է է՛լ ավելի հրաշալի քաղտեխնոլոգիան՝ մեկ մարդով այնպիսի քաոս ստեղծել ԱԺ-ում, որ հարյուր «խելոք» չկարողանան հանել նրա փոսը նետած քարերը, և բան ու գործ թողած, զբաղվեն Զարուհիով, բանավիճեն, նիստ հետաձգեն, խոսափող անջատեն, «ոչխար լողացնեն-ոչխար խուզեն»` բազում ալիքներով հեռարձակվող խորհրդարանի նիստերի ընթացքում:
Այն խորհրդարանի, որը շուտով պետք է վերածվի «հանրապետության», ասել է թե` երկիրը պետք է անցնի խորհրդարանական կառավարման, ուստի պետք է եզրակացնել. մի խումբ մոդերատորներ որոշել են խորհրդարանն իսկապես վերածել կլոունադայի, ընդ որում, այստեղ դերերը հավասարաչափ են բաշխված, ասել է` իշխանությունն ու Զարուհին համահավասար սուբյեկտներ են, և իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում «հակադարման» գտնել Զարուհի Փոստանջյանի քայլերին, որովհետև խորքում ինքը ևս այդպիսին է:
Կամ էլ փորձ է արվում այսօրվա խորհրդարանն իջեցնել «плинтус»-ից ներքև, որովհետև նրանցից, ովքեր «զետեղված» են այդ մարմնում, պետք է ազատվել, իսկ ազատվելու «լավագույն» միջոցն էլ հենց այս «ազատ անկումն» է, որի մեջ հայտնվել են «փոշի սրբող, անվերջ դատող»` Նարեկացի ու Քուչակ արտասանող, վասն Զարուհի նիստեր ընդհատող, Զարուհու հետ բանավեճում անվերջ պարտվող իշխանության ներկայացուցիչները, որոնք, կարծես, այլևս տեղ չեն ունենա «խորհրդարանական հանրապետությունում»:
Ասել է, չէ՞, Սերժ Սարգսյանն իր ասուլիսում, որ ընդամենը տասը պատգամավոր կա խորհրդարանում, որ համապատասխանում է «եվրոպական» չափանիշներին, մնացածները «պարոն Շմայս են», ոչ «բռնաբարելու» իմաստով, այլ հայոց սոցիալական քարտեզի արգասիք են:
Հարցնում եք` իսկ հնարավո՞ր է՝ Զարուհու քաղտեխնոլոգիան իրականացնում է ոչ միայն «դուրսը», այլև Մադլեն Օլբրայթի հետ նկարված Փոստանջյանը համաժամանակյա «սեանս» է տալիս նաև ՀՀԿ այն շտաբականների հետ, որոնց վրա դրված է եղել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի պատասխանատվությունը, բայց որոնք, իրենց «խասիաթի» հանգույն, մեխ են խրել սեփական իշխանության և «այո»-ի անիվների մեջ, որպեսզի իրենք լինեն ապագա վարչապետը:
Չէ, մենք նման բան չենք ասում:
Մենք ասում ենք` քաոսը ներդաշնակության կատարյալ ձևն է, և խորհրդարանում բեմադրվող «ներկայացումը» խիստ «բարեբաստիկ» է երկու կողմերի համար էլ, զի օգնում է ընդդիմությանը ողջ մնալու, իսկ իշխանութանը` կուշտ, հընթացս շեղելով հանրության ուշադրությունը կարևորագույն սոցիալ-տնտեսական, արտքաղաքական հարցերից։
Մինչ տոները կմոտենան:
Իսկ Ամանոր բոլորն են սիրում՝ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը:
Նույնիսկ «սովալլուկ» ժողովուրդը:
Հետո արդեն` ով ողջ, ով մեռած:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2066

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ